ՌԱԴԻՈ

Շարմազանով. «Ընտրություններում մեծ էր քաղաքացիների ակտիվությունը»

ՌԴ նախագահական ընտրություններում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական խմբի ղեկավար ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Sputnik Արմենիային պատմել է, թե ինչ են արձանագրել ընտրատեղամասերում։
Sputnik
Էդուարդ Շարմազանով

ՌԴ-ում անցկացված նախագահական ընտրությունները համապատասխանում են ՌԴ ստանձնած միջազգային պարտավորություններին ու ՌԴ օրենսդրությանը։ Դրանք կարելի է համարել ժողովրդավարական և լեգիտիմ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական խումբը ղեկավարած ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Կարող ենք փաստել, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս ընտրություններում մեծ էր քաղաքացիների ակտիվությունը։ Եվ հենց քաղաքացիների ակտիվությունն էլ վճռորոշ եղավ արդյունքների ամփոփման ժամանակ»,- ասաց Շարմազանովը` հավելելով, որ ՌԴ գործող նախագահին իրենց ձայնը տվել է ընտրողների ավելի քան 70%-ը։

Էդուարդ Շարմազանովը հայտնեց նաև, որ ընտրությունների ընթացքում լուրջ խախտումների դեպքեր չեն ներկայացրել ո՛չ դիտորդական խմբերը, ո՛չ թեկնածուների ընտրական շտաբերը։

Շարմազանովի ղեկավարած ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական խումբը մարտի 18-ին այցելել է Սանկտ Պետերբուրգի ու Լենինգրադի մարզի 60-ից ավելի տեղամասեր, թեկնածուների ընտրական շտաբեր։

Դիտորդական խմբում, Հայաստանից բացի, ընդգրկված են Ղազախստանի, Ղրղըզստանի, Բելառուսի ու Տաջիկստանի խորհրդարանականները։