Սերժ Սարգսյանը վարչապետ կդառնա մեկ նախապայմանով. Tert.am

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Tert.am–ի հետ զրույցում պատասխանել է ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրվելու մասին հարցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Ես այսօր էլ չեմ հավակնում վարչապետի պաշտոնին։ Tert.am–ի հետ զրույցում, անդրադառնալով նախկինում իր արած հայտարարությանը, որ այլևս երբեք չի առաջադրվելու պետության ղեկավարի պաշտոնում, ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։

«ԼՂ հակամարտության հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է». Սերժ Սարգսյան

«Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում քաղաքական պատասխանատվություն և կառավարություն ձևավորելու լիազորություն ստանձնած Հանրապետական կուսակցության և կոալիցիոն ՀՅԴ-ի շարքերում ամենատարբեր ձևաչափերով թեման ամիսներ շարունակ քննարկվում է, թեև այդ քննարկումները դեռ չեն հասել կուսակցական-ինստիտուցիոնալ հարթակներ։ Ինձ հետ էլ արդեն բազմաթիվ գործընկերներ խոսել են»,– ասել է Սարգսյանը։

Այդուհանդերձ, եթե քննարկումների ավարտին որոշվի, որ առաջադրվելու է իր թեկնածությունը, Սերժ Սարգսյանը խոստանում է մեկ հավելում անել իր կողմից` այն, որ սահմանադրական լիազորությունների իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ կհատկացնի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը Հայաստանի երիտասարդ քաղաքական լիդերներին փոխանցելու գործին։

«Բոլորս անելիք ունենք քաղաքական նոր առաջնորդների թրծման հարցում՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական ներկա դիրքավորումից»,– զրույցի ավարտին ասել է` ՀՀ գործող նախագահը։

Հիշեցնենք, որ 2014թ–ին, Սահմանադրական բարեփոխումներին նվիրված իր ելույթում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ խորհրդարանական կառավարման անցնելու պարագայում չի հավակնելու վարչապետի պաշտոնին և հավելել` մեկ մարդը 2 անգամից ավելի չպետք է ղեկավարի երկիրը։