Brussels Airlines-ը կանոնավոր չվերթեր կիրականացնի Երևանի ուղղությամբ

Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղով կանոնավոր չվերթերը կմեկնարկեն հունիսից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Brussels Airlines բելգիական ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ հունիսի 2-ից Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղով կանոնավոր չվերթեր իրականացնելու համար: Այս մասին հայտնում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

Մոսկվայից Երևան. նոր ավիաընկերություն է գալիս մեր երկիր

Հունիսի 2-ից հուլիսի 2-ը, ինչպես նաև օգոստոսի 29-ից հոկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ` յուրաքանչյուր շաբաթ, իսկ հուլիսի 03-ից օգոստոսի 28-ն ընկած ժամանակահատվածում չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ` յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը սույն թվականի փետրվարի 28-ին ընդունել էր Brussels Airlines ավիաընկերության փոխնախագահ պարոն Հերման Կարպենտյերի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել էր ավիաընկերության կողմից Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղու շահագործման վերսկսման հարցը: