ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Ռուսաստանի նախագահի ընտրությունների քվեարկության գործընթացը ընթանում է երկրի օրենսդրության համապատասխան, որևէ խախտում քվեարկության ընթացքում չի արձանագրվել։
Այս մասին «Խորհրդարանական թերթին» է հայտնել ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, որը ներկայացրել է Հայաստանից, Բելառուսից, Ղրղըզստանից, Ղազախստանից և Տաջիկստանից խորհրդարանականների աշխատանքի առաջին արդյունքները։
Նրա խոսքով` ՀԱՊԿ ԽՎ առաքելությունը ընտրությունների կարճաժամկետ մոնիթորինգ է իրականացնում։
«Մենք մի շարք թեկնածուների շտաբեր այցելեցինք։ Այսօր առավոտից մենք շրջում ենք ընտրատեղամասերով։ Եվ պետք է նշենք, որ որևէ խախտում չենք արձանագրել։ Առաքելության կարծիքով` քվեարկության ընթացքը համապատասխանում է ՌԴ օրենսդրությանը, միջազգային իրավունքին և միջազգային չափանիշներին։ Տեսնում ենք, որ մասնակցությունը բարձր է։ Բազմակարծությունն ու ազատ քվեարկությունն ապահովված են։ Մենք որևէ դիտողություն չունենք», – ասել է նա։
ՀԱՊԿ առաքելությունը, որը հետևում է ընտրություններին Պետերբուրգում, չորս խմբի է բաժանված։ Դրանք մտադիր են 60-70 ընտրատեղամաս այցելել։
Փոխխոսնակը նշել է, որ որոշ շտաբերում դժգոհություններ էին հայտնում, սակայն կոնկրետ օրինակներ օրենսդրությունը խախտելու կամ իրավահավասարության վերաբերյալ, կոնկրետ հարցեր չեն արձանագրվել։
«Մենք տեսնում ենք, որ բոլոր թեկնածուների համար հավասար իրավունքներ են սահմանվել. և՛ հեռուստաբանավեճեր, և՛ տեղեկատվություն։ Մարդիկ ընտրության մեծ հնարավորություն ունեն. թեկնածուներ կան ծայրահեղ աջակողմյաններից մինչև ծայրահեղ ձախակողմյաններ, հայրենասիրական ուժերից մինչև լիբերալներ։ Այն օրերի ընթացքում, որ այստեղ ենք գտնվում, որևէ խախտում, բացի տեխնիկականից, չի առաջացել», – ավելացրել է նա։
Հիշեցնենք նաև, որ այսօր` մարտի 18-ին, Ռուսաստանում նախագահի ընտրություններ են անցկացվում, բացվել է ավելի քան 97 հազար ընտրատեղամաս, որոնցից ավելի քան 400–ը` երկրի սահմաններից դուրս։
Քվեարկության ընթացակարգին հետևում է մոտ 1.5 հազար միջազգային դիտորդ 109 երկրից։
Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում է 8 թեկնածու։