ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Հայաստանից երգիչներն առաջին անգամ ելույթ կունենան Սան Ռեմոյում անցկացվող փառատոնի երիտասարդական մրցույթում, Sputnik Արմենիային ասել էՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը։ Հայաստանն ազգային ընտրական փուլն անձամբ անցկացնելու իրավունք է ստացել։
«Սովորաբար, դա վճարովի է։ Իսկ Հայաստանը ստացել է այն Երևանի կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն, «Վերածնունդ» միջազգային փառատոնի հիմնադիր Կարինե Ավդալյանի շնորհիվ։ Մեծ է նրա ներդրումն այս ձեռքբերման հարցում», – նշել է հայկական ժյուրիի անդամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը։
Երկու փուլով անցկացված մրցույթի ժյուրիի անդամները երկու տաղանդավոր երեխաների ընտրեցին։ Ընդ որում` երկուսն էլ մարզերից են. Համլետ Բադալյանը Դիլիջանից և Գոռ Հարությունյանն Իջևանից։ Սան Ռեմոյում ապրիլի 19-ին հենց նրանք կներկայացնեն Հայաստանը։