Ամենայն հայոց կաթողիկոսը կատարեց Կիևի հայկական եկեղեցու հիմնարկեքը. լուսանկարներ

Եկեղեցու հիմքերի քարերը օծեցին, աղոթեցին կառուցվելիք տաճարի անսասանության և օրհնաբեր առաքելության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Մարտի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը հայրապետական երկօրյա այցով մեկնեց Ուկրաինայի հայոց թեմ` Դնեպրի Ս. Գրիգոր Լուսավորիչ նորակառույց եկեղեցու օծման առիթով:

Ուկրաինայի քաղաքամայր Կիևում Գարեգին Բ Կաթողիկոսն այցելեց կառուցվելիք եկեղեցու տարածք, ուր նրան դիմավորեցին «Հրաշափառ» շարականի երգեցողության ներքո: Այնուհետև Վեհափառ Հայրապետի ձեռամբ կատարվեց եկեղեցու հիմնարկեքի արարողությունը:

Ըստ հայ եկեղեցու ծիսակարգի` շարականների և սաղմոսների երգեցողության ներքո նախ ջրով, ապա գինով լվացվեցին եկեղեցու հիմքերում զետեղվելիք 16 քարերը Քրիստոսի 12 առաքյալների, Պողոս առաքյալի, երկու ավետարանիչների և Ս. Գրիգոր Լուսավորչի անուններով, որից հետո Վեհափառ Հայրապետը և առընթերակա եպիսկոպոսները Ս. Մյուռոնով օծեցին եկեղեցու հիմքերի քարերը, աղոթեցին կառուցվելիք տաճարի անսասանության և օրհնաբեր առաքելության համար: Օծումից հետո քարերը տասնվեց խաչքավորների կողմից զետեղվեցին եկեղեցու հիմքերում։