«Կովկաս» ռեստորանային համալիրի սենյակներից մեկում Բելգիայի քաղաքացու դի են գտել

Դիակը հայտնաբերել են լոգարանում։ Տղամարդը կախված է եղել դռնից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 16-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։

Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի թիվ 122 հասցեում գործող «Կովկաս» ռեստորանային համալիրի սենյակներից մեկում տղամարդու դի կա կախված։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրի թիվ 211 սենյակի լոգարանում սրբիչով դռնից կախված վիճակում հայտնաբերել են Բելգիայի Թագավորության քաղաքացու՝ 62-ամյա Արմեն Գ.-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է։