Ճանապարհները կարգավորել հնարավորինս էժան և ոչ ստանդարտ լուծումներով. վարչապետ

Այս տարի համայնքներում ներքին ճանապարհների, լուսավորության և աղբահանության խնդիրները պետք է կարգավորվեն. Կարեն Կարապետյանը հերթական մարզային խորհրդակցությունն է անցկացրել Արարատի մարզում
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Վեդի` ծանոթանալու 2017 թ. Արարատի մարզի զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:

Էլեկտրոնային առողջապահությունը պետք է բոլորին հասանելի լինի. վարչապետ

Անդրադառնալով ճանապարհաշինությանը՝ վարչապետը հորդորել է հատկապես գյուղական համայնքներում ճանապարհները վերանորոգել ոչ ստանդարտ լուծումներով:

«2018-ին հետևյալ խնդիրները պետք է համայնքների առջև դնենք: Ներքին ճանապարհները կարգավորել հնարավորինս էժան և ոչ ստանդարտ լուծումներ գտնելով, լուսավորությունը և աղբահանության հարցը և աղբարկղների տեղադրումը: Այդ հարցերի լուծման համար մեծ միջոցներ պետք չեն: Մենք պատրաստ ենք յուրաքանչյուր ծրագիր նայել, մանավանդ, որ հիմա սուբվենցիաների բանաձև ենք դրել՝ ասում ենք, եթե համայնքը սա է անում, ուրեմն մենք սա կանենք: Ձեր առջև դրեք այդ խնդիրը, պարոն մարզպետ», — ասել է Կարեն Կարապետյանը՝ համոզմունք հայտնելով, որ դա ևս համայնքներում տրամադրությունը փոխելու է:

2017-ի ընթացքում ավտոճանապարհներին ընդհանուր առմամբ կատարվել է 4,1 մլրդ դրամի նորոգման, պահպանման և շահագործման աշխատանքներ, որից՝ միայն 3,1 մլրդ դրամը` հյուսիս-հարավ ճանապարհի 8 ուղեանցերի վերակառուցման նպատակով: 2018-ին ճանապարհաշինության բնագավառում կիրականացվեն 2.1 մլրդ դրամի աշխատանքներ: