Միանգամից Երևան. ի՞նչ կսովորեցնեն իրանցի զբոսաշրջիկներին Հայաստանում

Հայաստանի մասին օգտակար տեղեկություններով թերթիկները կբաժանեն ցամաքային սահմանին և օդանավակայանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեն տեղեկատվական թերթիկներ է պատրաստել երկիր մուտք գործող զբոսաշրջիկների համար։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանը։

Իրանցիները Հայաստանում խոշոր գործարան կբացեն

Թերթիկի առաջին, գերմաներեն տարբերակն արդեն կազմվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ։ Թերթիկում տեղ են գտել բոլոր այն տեղեկությունները, որոնք կօգնեն դրսից եկած մարդուն. ինչ արժե տաքսին (Երևանով շրջելու և օդանավակայանից քաղաք հասնելու համար), վարդակների ու լարվածության ստանդարտը, տարադրամի մասին տեղեկություններ և այլն։ Հյուրերին կհիշեցնեն, որ ամբողջ Հայաստանում կարելի է ջուրն առանց վարանելու խմել ծորակից (գերմանալեզու զբոսաշրջիկներին այս հանգամանքը կարող է հաճելիորեն հիշեցնել Վիեննան)։ 

Թերթիկը նաև պարսկերեն կթարգմանվի, և այն կբաժանեն սահմանային անցակետերում։ Հիմնականում, բնականաբար, հայ-իրանական սահմանին` Մեղրիում, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայանում։

Իհարկե, իրանցի զբոսաշրջիկներից շատերը մաքուր ջրի համար չեն Հայաստան գալիս. նրանց այստեղ լրիվ այլ բաներ են գրավում, բայց այդ մասին թերթիկներին չեն գրի։

«Մենք կթվարկենք այն ամենը, ինչը կարևոր է իմանալ մեր երկիր ժամանելիս։ Կթվարկենք նաև այն, ինչով հայտնի է մեր երկիրը` «Հայաստան այցելելու 10 պատճառ» ձևաչափով», — ասաց Ապրեսյանը։

Թերթիկները պատրաստվել են Նովրուզին ընդառաջ (մարտի 21), երբ միլիոնավոր իրանցիներ մեկնում են հանգստանալու։ Ապագայում նախատեսվում է այդ թերթիկները տարածել նաև այլ լեզուներով։

Հիշեցնենք` Հայաստան առանց վիզայի կարող են այցելել ավելի քան 50 երկրի քաղաքացիներ, այդ թվում` Եվրամիության անդամ երկրների, ԱՄՆ-ի և Իրանի քաղաքացիություն ունեցողները։ Իսկ ռուսաստանցիները կարող են Հայաստան գալ ներքին անձնագրերով։