Արմավիրում գյուղապետի և հովվի վեճն ավարտվել է ծեծկռտուքով

Վեճի թեման են դարձել գյուղացու ոչխարներն ու գյուղապետի առվույտը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Ծաղկալանջ գյուղի ղեկավար, 35-ամյա Մանվել Մկրտչյանը ահազանգել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ շտապ ոստիկան ուղարկեն գյուղ։ Երեկ՝ մարտի 16-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, կեսօրին Ֆերիկ գյուղի բնակիչներից մեկը՝ 39-ամյա Ամար Մռտոյանը իր կնոջ՝ 39-ամյա Սաբրինա Նաբոյանի հետ, ըստ գյուղապետի հայտարարության, ոչխարների հոտը դիտավորյալ արածացրել են Ծաղկալանջ գյուղի տարածքում գտնվող գյուղապետին պատկանող առվույտի դաշտում, ինչի հետևանքով առվույտը վնասվել է, և գյուղապետի հայտարարության համաձայն՝ ինքը կրել է մոտ 715 հազար դրամի վնաս։

Ծաղկալանջի գյուղապետ Մկրտչյանը պահանջել է, որ հոտը դուրս բերեն առվույտի դաշտից։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։

Նաբոյանն էլ իր հերթին հայտարարել է, որ Մկրտչյանն է նրան ծեծել։

Երկուսն էլ տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ տվել են բացատրություններ և երկուսին էլ տրվել է դատաբժշկի ուղեգիր։

Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։