Ընկեր ջան, գինի լից. ինչպես է Հայաստանը գրավելու զբոսաշրջիկներին

Հայաստանը մտադիր է գինու զբոսաշրջության ռազմավարություն մշակել։ Այս մասին նախորդ շաբաթ հայտնել են Բեռլինում «ITB Berlin – 2018» ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Միջտարածաշրջանային էնոտուրիզմի (գինու տուրիզմ) ռազմավարության զարգացման նախաձեռնությունը հայկական պատվիրակությունը ներկայացրել է «ITB Berlin — 2018» ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի ժամանակ։ Այս մասին այսօր հայտնել է Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը։

Նրա խոսքով` բիզնեսի և զբոսաշրջության ոլորտի բոլոր ներկայացուցիչները հավաքվում են մեկ հարթակում Բեռլինում արդիական հարցերը միասին քննարկելու և պայմանագրեր կնքելու նպատակով։

«Մենք կարևորում ենք միջտարածաշրջանային զբոսաշրջությանը, նաև ուզում ենք Հայաստանը ներկայացնել որպես գինու հայրենիք», — հավելել է նա։

Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացման մասին խոսելիս Զեյթունցյանը նշել է, որ 2017 թվականին Իրանի` մոտ 220 հազար քաղաքացի է մեր երկիր այցելել, ինչը 16%-ով գերազանցում է 2016 թվականի ցուցանիշը (մոտ 185 հազար)։

Միանգամից Երևան. ի՞նչ կսովորեցնեն իրանցի զբոսաշրջիկներին Հայաստանում

«Մենք պատրաստ էինք հարևան Իրանից հյուրերի դիմավորել, մասնավորապես` Նովրուզի շրջանում։ Այս տարի իրանցի հյուրերին Հայաստանի մասին պարսկերեն թերթիկներ են բաժանելու։ Այսօր Հայաստանը իրանցի զբոսաշրջիկների համար գրավիչ ուղղություն է», — նշել է Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը։

Նա հավելել է, որ մենք` հայերս, առանձնանում ենք հյուրընկալությամբ, սակայն որոշ մարդիկ`սկսած երթուղայինների վարորդներից, վերջացրած խանութների վաճառողներով, այդքան էլ լավ չեն վերաբերվում իրանցի զբոսաշրջիկներին։ Զեյթունցյանը կոչ է արել փոխել այդ վերաբերմունքը հարևան պետությունից ժամանած հյուրերի նկատմամբ։

Նշենք, որ 2017 թվականին Հայաստան է այցելել 1 միլիոն 494 777 զբոսաշրջիկ, ինչը 18,7%-ով գերազանցում է 2016 թվականի ցուցանիշը։