Վրաստանի «օրենքով գողերը» կարող են հաստատվել Հայաստանում. ահազանգ վրացի փորձագետներից

Եթե «օրենքով գողը» ժամանում է Վրաստան, նրան հարցնում են` դու գո՞ղ ես։ Նա, իր կարգավիճակից ելնելով, պարտավոր է դրական պատասխան տալ, իսկ դա մինչև տասը տարվա բանտարկության դատավճիռ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Հայաստանի Քրեական օրենսգրքի յուրահատկությունը երկիրը գրավիչ է դարձնում այսպես կոչված «օրենքով գողերի» համար։ Նման կարծիք ունի իրավագիտության դոկտոր, վրացի իրավաբան Գեորգի Կոյավան։ Այդ մասին նա հայտարարեց ուրբաթ Երևան-Թբիլիսի տեսակապի ընթացքում, որը տեղի ունեցավ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում։

«Օրենքով գողերը» հավաքվել են Հայաստանում

Ինչպես նշեց իրավագետը, խոսքն այն մասին է, որ Հայաստանի քրեական օրենսգիրքը չունի հոդված, որը կարգելեր հարել «գողական աշխարհին»։

«Դուք չունեք ՔՕ հոդված, որը պատիժ կնախատեսեր գողերի հանրությանը պատկանելու համար», — ասաց Կոյավան։

Նրա կարծիքով` Վրաստանում այդ հարցն ավելի արդյունավետ են լուծել։ Վրաստանի ՔՕ №223 հոդվածը նախատեսում է 5-8 տարվա ազատազրկում «գողական աշխարհին» պատկանելու համար, իսկ «օրենքով գող» կարգավիճակի համար նախատեսվում է 10 տարվա ազատազրկում։

Կոյավան նշեց, որ Վրաստանի իշխանությունները չեն բավարարվում դրանով և շարունակում են խստացնել օրենքը։ Արդյունքում «օրենքով գողերից» շատերը դեռ Միխեիլ Սահակաշվիլու նախագահության օրոք հեռացել են Վրաստանից, իսկ եթե այս կամ այն պատճառով նրանք վերադառնում են, ապա ձերբակալվում են հենց օդանավակայանում։

Ինչպես նշեց Կոյավան, քանի որ Հայաստանում նման միջոցներ նախատեսված չեն, երկիրը կարող է շատ գրավիչ լինել տարատեսակ քրեական տարրերի համար։ Իրավագետը կոչ չի անում Հայաստանի իշխանություններին վերանայել երկրի ՔՕ-ը, բայց խորհուրդ է տալիս զգոն լինել։

«Ի դեպ, «օրենքով գողերի» շարքում շատ հայեր կան, որոնք Վրաստանի քաղաքացի են», — ասաց Կոյավան։

Մամուլի ասուլիսի մեկ այլ մասնակիցը` քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական փորձագետ Վախթանգ Մայիսայան համամիտ էր վրացի իրավագետի հետ։ Նա նշեց, որ «օրենքով գողերը» կարող են իրենց շատ լավ զգալ նույնիսկ այն երկրներում, որտեղ սոցիալ-տնտեսական դրությունը, մեղմ ասած, ամենալավը չէ։

Ինչպես նշեց փորձագետը, այդ քրեական տարրերի «գոյատևելու մեխանիզմներից» մեկը երիտասարդությանը «գողական աշխարհի» միֆերի միջոցով ներգրավելն է։

Նրա տվյալներով` 2017թ-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը վերանայել է գողական աշխարհին պատկանելու վերաբերյալ 20 քրեական գործ, որոնցից վեցի դեպքում մեղադրյալներն արդարացվել են։