Ճոպանուղու խափանումից տուժածներին տեղափոխող ուղղաթիռը չի կարողացել մեկնել Թբիլիսի

Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած պատահարի հետևանքով 11 մարդ է տուժել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Ուղղաթիռը, որը Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայր էր ժամանել ճոպանուղու խափանման հետևանքով տուժածներին դուրս բերելու համար, չի կարողացել օդ բարձրանալ վատ տեսանելիության պատճառով, հայտնում է Sputnik Գրուզիան։

Երբ ճոպանուղին վտանգավոր կարուսելի է վերածվում. տեսանյութ

Նախնական տվյալներով` ողբերգությունը տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի անջատման պատճառով։ Ականատեսները սոցցանցերում գրում են, որ ճոպանուղին կանգնել է, հետո սկսել է կտրուկ շարժվել հակառակ ուղղությամբ, և նստարաններն իրար են բախվել։ Տուժել է 11 մարդ։ Սկզբում հայտնում էին 8 տուժածի մասին` Վրաստանի 1 քաղաքացի, Ռուսաստանի 4 քաղաքացի, Ուկրաինայի 2 քաղաքացի և 1 հղի կին, որը Շվեդիայի քաղաքացի էր, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ավելի ուշ բուժհաստատություն էին դիմել ևս 3 մարդ։

Քանի որ ուղղաթիռը չի կարողացել տարհանել մարդկանց, տուժածներին Թբիլիսի են հասցրել ռեանիմոբիլով։ Միայն մեկին է հաջողվել մայրաքաղաք հասցնել ուղղաթիռով մի քանի ժամ առաջ։

Տուժածների բուժման բոլոր ծախսերը պատրաստ է հոգալ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության լեռնային զբոսավայրերի զարգացման ընկերությունը, որը ճոպանուղիների պատասխանատուն է։

Ընկերությունն արդեն դիմել է ճոպանուղու արտադրող ավստրո-շվեյցարական Doppelmayr ընկերությանը։ Վրաստան պետք է ժամանեն ընկերության մասնագետները և պարզեն արտակարգ պատահարի պատճառները։

Крушение канатки в Гудаури

Հարուցվել է քրեական գործ անվտանգության կանոնները խախտելու հոդվածով, որը նախատեսում է տուգանք կամ տնային կալանք` 6 ամսից մինչև 2 տարի ժամկետով, կամ 2-5 տարվա ազատազրկում։

Պարզվել է, որ դեռ մարտի 11-ին Գուդաուրիում շարքից դուրս էր եկել ճոպանուղիների էլեկտրահամակարգը։ Դրանց շահագործումը ժամանակավորապես դադարեցվել էր։

Այսօր Գուդաուրիում 14 ճոպանուղի կա։ Այն ճոպանուղին, որի վրա տեղի է ունեցել ողբերգությունը, մարդկանց հասցնում է Գուդաուրիի ամենաբարձր կետ` Սադզելե։ Սակայն այն մյուսներից հազվադեպ է շահագործվում ձնահյուսի վտանգի պատճառով։ Միջադեպի կապակցությամբ ստուգումներ են իրականացվելու, վերացվելու են համակարգային թերությունները։