Հայկական սթարթափ–տաքսին գնաց Մոսկվան նվաճելու

Ռուսաստանում տաքսի-հավելվածների ոլորտը գերհագեցած է, բայց բեռնափոխադրումների և էվակուատորների շուկայում հայկական ընկերության մուտքը բավականին հեռանկարային է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Հայկական gg սթարթափը, որը հայտնի է տաքսի ծառայության հավելվածով, ռուսական շուկա է դուրս եկել. մարտի 14-ից Մոսկվայում գործում է բեռնափոխադրումների և էվակուատոր կանչելու ծառայությունը, գրված է ընկերության Facebook-յան էջում։

Հայաստանից և Վրաստանից հետո Ռուսաստանը gg-ի համար երրորդ երկիրն է, իսկ Մոսկվան` 14-րդ քաղաքը, որտեղ գործում է այդ ծառայությունը։ Հայկական ընկերության գործընկերը` ռուսական «Սիթիմոբիլ» ագրեգատորը, սատարել է gg-ի որոշումը` կապված Մոսկվայի բեռնափոխադրումների և էվակուատորների շուկա դուրս գալու հետ, քանի որ տաքսի ծառայությունների շուկան գերհագեցած է։

«Բեռնափոխադրումների և տարհանման ոլորտում դեռ նոր են սկսում նման ծառայություններ գործարկել, այնպես որ gg-ն մեծ հնարավորություններ ունի», — կարծում է «Սիթիմոբիլի» ղեկավար Արամ Առաքելյանը։

Ընկերությունն աշխատում է անձնական ավտոմեքենաներ ունեցող վարորդների հետ։ Մոսկվայում gg-ին արդեն համաձայնության է եկել բեռնատարների 30 վարորդի և էվակուատորների 10 վարորդի հետ։

Մինչև 2018 թվականի վերջ Մոսկվայում ընկերությունը նախատեսում է իրականացնել օրական մինչև 400 պատվեր, այնուհետև հասնել մինչև 1000 պատվեր ցուցանիշի։ Այսօր Երևանում ggTruck ծառայությունն օրական միջին հաշվարկով 50 պատվեր է իրականացնում։ Ընկերությունը ծրագրում է մուտք գործել նաև Ռուսաստանի այլ քաղաքներ։