Հայաստանին ու Արցախին ուղղված օգնությունը մեծացնելու առաջարկը սատարել են կոնգրեսականները

Համապատասխան առաջարկով ավելի վաղ հանդես էր եկել ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Հայաստանին ու Արցախին 70 միլիոն դոլար օգնություն տրամադրելու առաջարկը սատարել են ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամներից 36-ը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատ հանձնախմբի մամուլի ծառայությունը։

Համապատասխան առաջարկն արել է ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն։

«Մենք ևս մեկ անգամ մեր երախտիքն ենք հայտնում կոնգրեսական Փալոնեին, Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությունում նրա գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր միացել են Արցախի և Հայաստանի համար «խաղաղության և բարգավաճման» օգնության փաթեթի աջակցմանը»,- ասել է Հայ դատի ամերիկյան հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն ավելի վաղ առաջարկել էր 6 միլիոն դոլար հատկացնել Արցախի ականազերծման աշխատանքներին ու ականների պայթյունների հետևանքով հաշմանդամ դարձածներին, 4 միլիոն դոլար` առաջնագիծը ժամանակակից սարքավորումներով հագեցնելու համար, 30 միլիոն դոլար էլ` Հայաստանին որպես տնտեսական օգնություն, 10 միլիոն դոլար` որպես ռազմական օգնություն, 20 միլիոն դոլար` Մերձավոր Արևելքի երկրների փախստականներին օգնելու նպատակով։