Երևան–Սարատով ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մոսկվայում

Եղանակային պայմանների պատճառով ինքնաթիռը ստիպված է եղել մեկնել Դոմոդեդովոյի պահեստային օդանավակայան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Երևան-Սարատով չվերթն իրականացնող ինքնաթիռն անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով ստիպված է եղել վայրէջք կատարել Մոսկվայում։ Այս մասին նշված է «Սարատովյան ավիաուղիների» կայքում։

Նշվում է նաև, որ Սարատովի օդանավակայանում խիտ մառախուղի և ցածր տեսանելիության պատճառով հետաձգվել են Մոսկվայի և Երևանի ուղղությամբ այսօր առավոտյան նախատեսված չվերթերը։

«Վատ եղանակի պատճառով Երևան-Սարատով 6В-2922 չվերթը, որն իրականացրել է «Սարատովյան ավիաուղիներ» ընկերությունը, ժամանման օդանավակայանում վայրէջք կատարելու փոխարեն մեկնել է Դոմոդեդովոյի պահեստային օդանավակայան», — հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ինքնաթիռը Սարատով կմեկնի տեսանելիության բարելավումից հետո։