Քաղաքապետարանն ընտրելու իրավունք է տալիս լրագրողներին

Երևանի ավագանու նիստերին հետևել հեռակա՞, թե՞ նիստերի դահլիճից։ Ավագանու հիշարժան նիստից հետո 1 ամիս շարունակ քննարկվող հարցն այսօր պատասխան ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Երևանի ավագանու` մարտի 19-ի նիստին լրագրողները կարող են ներկա լինել։ Sputnik Արմենիային հայտնեց Երևանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:

Լրագրողների համար նիստից ուղիղ հեռարձակման տեխնիկական հնարավորությամբ ապահովված աշխատասենյակն արդեն պատրաստ է, բայց լրագրողներն իրենք կորոշեն որտեղ աշխատել։

«Մարտի 19-ի նիստը լրագրողները կարող են ամբողջությամբ լուսաբանել թե՛ անմիջապես նիստերի դահլիճից, թե՛ անհրաժեշտ նոր սարքավորումներով կահավորված հատուկ առանձնացված տարածքից»,- ասաց Արթուր Գևորգյանը` հավելելով, որ քաղաքապետարանի նպատակն է ապահովել ավագանու նիստերի լիարժեք, բազմակողմանի և պրոֆեսիոնալ լուսաբանումը:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու` փետրվարի 13-ի նիստում տեղի ունեցած միջադեպից ու ծեծկռտուքից հետո, երբ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները կոյուղաջուր էին բերել դահլիճ, քաղաքապետարանը հայտարարեց նիստերի լուսաբանման կարգը փոխելու մասին։