ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի կարգադրությամբ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը կղեկավարի Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 2018 թվականի մարտի 18-ին կայանալիք ընտրություններում ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելությունը:
Այդ առաքելության շրջանակում նա այսօր արդեն աշխատանքային այցով մեկնել է Սանկտ ՊԵտերբուրգ՝ դիտարկելու Ռուսաստանի նախագահական ընտրությունները:
Ըստ խորհրդարանի լրատվության և հանրության հետ կապերի վարչության տեղեկատվության, այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի և Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ:
Այցի ավարտին Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահը ռուսական լրատվամիջոցների համար հանդես կգա մամուլի ասուլիսով:
ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության կազմում Սանկտ Պետերբուրգ կմեկնի նաև պատգամավոր Տաճատ Վարդապետյանը: