Ատոմակայանի վերանորոգման հարցը կքննարկի հայ-ռուսական հանձնաժողովը

Հայ–ռուսական համատեղ հանձնաժողովի նիստում կքննարկվեն Հայաստանի ատոմակայանի անվտանգության, Ռուսաստանից նոր սարքավորումների ներկրման ու ՀԱԷԿ–ի վերագործարկման հարցերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Մարտի 28-ին Մեծամորում կանցկացվի Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագրի հայ-ռուսական համատեղ համակարգող հանձնաժողովի 6-րդ նիստը: Այս մասին հայտնում է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը։

Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված աշխատանքների, ապրիլի 14-ից մեկնարկող պլանային նախազգուշական վերանորոգման միջոցառումների նախապատրաստական ընթացքը:

Հայաստանի ատոմակայանն է անվտա՞նգ, թե՞ Թուրքիայի «Ակույուն»

Մինչ այդ նախարարությունում այսօր տեղի է ունեցել վերանորոգման նախապատրաստական աշխատանքներին նվիրված խորհրդակցություն, որը վարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:

«Քննարկվել են ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքները, շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը: Մասնավորապես քննարկվել են տուրբինային և ռեակտորային արտադրամասերում նախատեսված շինմոնտաժային և կարգաբերման աշխատանքների սահմանված ժամկետներում ավարտի ապահովման հնարավոր ռիսկերը: Այդ թվում՝ անհրաժեշտ սարքավորումների և նյութերի մեծածավալ մատակարարումների ընթացքը»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը որոշել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարացնել մինչև 2027 թվականը։ Ծրագիրը ֆինանսավորվում է ՌԴ 270 մլն դոլարանոց վարկի և 30 մլն դոլարի դրամաշնորհի հաշվին, «Ռոսատոմի» աջակցությամբ։

Վերանորոգման աշխատանքների ավարտը նախանշված է ավարտել 2019թ վերջին։