«Անվտանգությունը համատեղ ջանքեր է պահանջում». Նալբանդյանը կարևորել է համագործակցությունը

Հայաստանը պատրաստ է ընդլայնել Լիբանանի հետ պաշտպանության և անվտանգության բնագավառներում համագործակցությունը, նշել է ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Լիբանանին աջակցության վերաբերյալ նախարարական համաժողովի իր ելույթում նշել է, որ Լիբանանը Մերձավոր Արևելքի բազմամշակութային, բազմազգ և բազմակրոն կառուցվածքի մարմնավորումն է` մեկ պետության սահմանների ներքո արտացոլելով գրեթե ողջ տարածաշրջանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Այդ նույն պատճառներից ելնելով իրավիճակը Լիբանանում կարող է թե՛ բորբոքել տարածաշրջանային վերքերը, և թե՛ ներկայիս փոթորկահույզ ժամանակներում հանդես գալ, որպես խաղաղության կղզի և այլ երկրների համար համակեցության օրինակ հանդիսանալ: Այս ամենը մեծացնում է Լիբանանի նշանակությունը տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից, և վերահաստատում միջազգային ներգրավվածության հրամայականը՝ աջակցելու այդ երկրին մարտահրավերներին արդյունավետորեն արձագանքելու նպատակով»,–ասել է Նալբանդյանը:

ՀՀ վարչապետը հանձնարարեց հայ–լիբանանյան ներդրումային հիմնադրամ ստեղծել

ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Հայաստանի համար Լիբանանի կարևորությունը պայմանավորված չէ միայն այս երկրի տարածաշրջանային նշանակությամբ: «Այսօր այս երկիրը հյուրընկալում է տարածաշրջանի ամենամեծ հայկական համայնքը, որը մեր ժողովրդի մշակութային ու հոգևոր կենտրոններից մեկն է հանդիսանում: Ավանդաբար հայերն ակտիվորեն ներգրավված են Լիբանանի սոցիալական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ՝ քաղաքականության մեջ: Այսօր նրանք ներկայացված են և՛ կառավարությունում, և՛ խորհրդարանում: Հայերը կիսել են բոլոր այն դժվարությունները, որոնց բախվել է Լիբանանի ժողովուրդը, և պատրաստակամ են այսուհետ ևս իրենց ներդրումը բերել պետության ապահով ու անվտանգ ապագային: Այս նպատակին հասնելու ճանապարհին Հայաստանի Հանրապետությունը կանգնած է Լիբանանի ժողովրդի կողքին»,–նշել է նախարարը և հավելել, որ Հայաստանը ևս մեկ անգամ վերահաստատվել է իր աջակցությունը Լիբանանի բարեկամ ժողովրդին փետրվարին Լիբանանի նախագահի՝ Երևան կատարած պաշտնական այցի, ինչպես նաև երեք օր առաջ ՀՀ վարչապետի՝ Լիբանան կատարած պաշտոնական այցի ընթացքում:

Էդվարդ Նալբանդյանը հիշեցրել է, որ 2014թ. նոյեմբերից 32 խաղաղապահներից բաղկացած հայկական դասակը՝ իտալական հրամանատարության ներքո ծառայություն է իրականացնում Լիբանանում Միավորված Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժերի (ՅՈՒՆԻՖԻԼ) կազմում: Հայաստանը պատասխանատվության բարձր զգացումով է ներգրավվել այս առաքելությանը՝ ձգտելով իր նպաստը բերել ՅՈՒՆԻՖԻԼ-ի արդյունավետ գործունեությանը` ուղղված բարեկամ Լիբանանում խաղաղության ապահովմանը:

«Իրապես, պատմությունը մեզ սովորեցնում է, որ անվտանգությունը համատեղ ջանքեր է պահանջում»,–ընդգծել է Նալբանդյանը և ավելացրել, որ Հայաստանը պատրաստ է ընդլայնել Լիբանանի հետ պաշտպանության և անվտանգության բնագավառներում համագործակցությունը՝ հիմնված արդեն իսկ սեղանի վրա գտնվող հստակ առաջարկների, ինչպես նաև նոր գաղափարների հիման վրա: