Ալեքսեյ Ստեֆանով, Sputnik
Հայաստանի զբոսաշրջության զարգացման գործակալությունը Մոսկվայի 25–րդ միջազգային զբոսաշրջության ցուցահանդեսում ներկայացրել է Արցախում հանգստի հնարավորությունները։ Ինչպե՞ս են նրանք նախատեսում հյուրեր ներգրավել։
«Հայաստանը տարեց տարի ավելի հայտնի է դառնում ռուսաստանցիների շարքում, զբոսաշրջությունը զարգանում է արագ տեմպերով, և կարևոր է գտնել նոր գործընկերներ», – Sputnik Արմենիային ասաց Armeniaca tour զբոսաշրջային գործակալության տնօրեն Աննա Մարտիրոսյանը, որին մենք հանդիպեցինք գործակալության հարթակում։
Բուժել ատամները և փորձարկել դրանք
Տեսարժան վայրեր այցելելու դասական զբոսաշրջությունից բացի, հայերը Մոսկվա են տարել նոր առաջարկ` բժշկական զբոսաշրջությունը։
«Ամբողջ աշխարհում գիտեն, որ հայերը լավ բժիշկներ են։ Իհարկե, կարելի է նաև բուժվել տանը, բայց Հայաստանում գներն ավելի ցածր են, քան որևէ այլ տեղ։ Մենք առաջարկում ենք ատամնաբույժների, կոսմետոլոգների, պլաստիկ վիրաբույժների և այլ մասնագետների ծառայություններ։ Կարելի է այցելել Հայաստան, հանգստանալ, բուժել ատամները և միանգամից փորձարկել դրանք իսկական հայկական խորովածի վրա», – ծիծաղում է Աննա Մարտիրոսյանը։
Եվ ավելացնում. «Հայերը շատ հյուրընկալ ազգ են, ջերմ են ընդունում, հյուրերին երկիրը ցույց են տալիս իրենց հարազատների նման»։
Արցախը յուրահատուկ է և ուշադրություն է գրավում
«Մենք ցանկանում ենք դուրս գալ ռուսական շուկա, ուստի մասնակցում ենք ցուցահանդեսին», – բացատրում է Հայաստանի և Արցախի զբոսաշրջության զարգացման գործակալության նախագծերի համակարգող Արտակ Գրիգորյանը։
Զբոսաշրջային փաթեթները շատ բազմազան են` մշակութային–պատմականից մինչև գաստրոնոմիական։
Գրիգորյանը կարծում է, որ ռուսաստանցիները հիանալի ծանոթ է տարածաշրջանին, ավիահաղորդակցությունը տարեց տարի բարելավվում է, հայտնվել են ուղիղ չվերթներ Ռուսաստանի տարբեր քաղաքներից։ Բայց գործակալությունն առաջարկում է ավելի հեռուն գնալ։
Օրինակ` Արտակ Գրիգորյանը եկել է Մոսկվա` ներկայացնելու Լեռնային Ղարաբաղը։ Նա ցույց է տալիս տաճարների պատկերներով պաստառներ։
«Այդ ամենը Արցախն է։ Ցավոք, այն ավելի հայտնի է հակամարտության պատճառով, և քչերը գիտեն, որ այնտեղ կարելի է հիանալի հանգստանալ և այցելել տեսարժան վայրերը, որոնք հազար տարեկան է։ Հյուրերի համար, որոնք հետաքրքրվում են պատմամշակութային հուշարձաններով, Արցախը կարող է յուրահատուկ վայր դառնալ։ Մենք կնպաստենք Արցախի հանրահռչակմանը», – պատմեց Արտակ Գրիգորյանը։