ՀՀ նոր նախագահի`ԼՂՀ հիմնահարցի տեսակետները պարզապես չեն բավարարել Արցախի իշխանություններին

«Ժողովրդի» տվյալներով` ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրությունն այնքան էլ Արցախի ղեկավարության սրտով չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 Մարտ — Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ-ի կողմից ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրությունն այնքան էլ Արցախի Հանրապետության ղեկավարության սրտով չէ: Փետրվարի 16-ին դեռևս ՀՀ նախագահի թեկնածուի կարգավիճակում գտնվող Ա. Սարգսյանը մեկնել էր Արցախ, որտեղ հանդիպել էր Արցախի ԱԺ նախագահի, իշխանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Ինչպես պնդում են մեր աղբյուրները՝ տեղի է ունեցել բավական լուրջ հարցուպատասխան հատկապես ԼՂ հիմնախնդրի և դրա լուծման ուղիների մասին: Եվ այս թեմայի վերաբերյալ Ա. Սարգսյանի պատասխանները, արտահայտած տեսակետները պարզապես չեն բավարարել Արցախի իշխանություններին: Եվ հիմա նրանք տեսակետ ունեն, որ նոր նախագահը չի կարողանա միջազգային ատյաններում ըստ արժանվույն ներկայացնել հիմնահարցի էությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի Հանրապետության խորհրդարանի ամենամեծ խմբակցության՝ «Հզոր հայրենիքի» պատգամավոր Արթուր Թովմասյանի հետ, ով հերքել է այս տեղեկությունները՝ ասելով «Ղարաբաղյան խնդրի հետ կապված ոչ միայն Արմեն Սարգսյանից ակնկալիք կա, այլև համայն հայությունից…Սարգսյանը դեսպան էր մինչև նախագահ ընտրվելը, և ինքը քաջատեղյակ է ոչ միայն բանակցային գործընթացի ներկա փուլից, այլև բանակցային գործընթացի ամբողջ պատմությանը»։