ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Մարտի 15-ը համարվում է սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը:
Դեռևս 1962 թ.-ի մարտի 15-ին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ընդունեց օրինագիծ սպառողների իրավունքների մասին, որով սպառողի տեղեկացված լինելու և ազատ ընտրության իրավունքից զատ սահմանվեց նաև սպառողի լսելի լինելու իրավունքը և, ԱՄՆ Կոնգրեսի իր ելույթում առաջին անգամ բնորոշելով «սպառող» հասկացությունը, սահմանեց սպառողի 6 հիմնական իրավունքները՝ տեղեկացված լինելու, անվտանգության, ընտրության, լսելի լինելու, վնասի փոխհատուցման և սպառողական ոլորտում կրթություն ստանալու իրավունք:
Հետագայում հենց այդ օրը՝ մարտի 15-ը, ընդունվեց որպես սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օր:
Ավելի ուշ, երբ ձևավորվեց սպառողների միությունների համաշխարհային կազմակերպությունը (Consumer International — CI), սպառողների իրավունքների ցանկը համալրվեց ևս երկուսով՝ հիմնական պահանջմունքների բավարարման և առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքներով:
Չնայած նրան, որ Հայաստանի Հանրապետությունում դեռևս 1998 թ.-ի հուլիսի 28-ին ընդունված Քաղաքացիական օրենսգրքում առկա էին սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված որոշակի տարրեր, այդուհանդերձ սպառողների իրավունքներն ամրագրվեցին 2001թ.-ի հունիսի 26-ին՝ Սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենքի ընդունմամբ:
Սակայն այսօր մեր երկրում սպառողների իրավունքները դեռևս ստորադասվում են տնտեսվարողների իրավունքներին: Ինչպես նշում են մասնագետները, դրանում նաև հենց սպառողն է մեղավոր, որը համապատասխան իրավագիտակցություն չունի և չի պայքարում իր ոտնահարվող իրավունքների համար: