Լավրովը լկտիություն է համարում Մեծ Բրիտանիայի մեղադրանքները

Ռուսաստանի արտգործնախարարը մեկնաբանել է «Սկրիպալի» գործով հնչած մեղադրանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Ռուսաստանը լկտի ու չապացուցված է համարում Հետախուզական գլխավոր վարչության (ՀԳՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի վերաբերյալ մեղադրանքները, որոնք ուղղված են Ռուսաստանին։ Այս մասին հինգշաբթի «Ռուսաստանը հնարավորությունների երկիր է» համաժողովի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

Աննախադեպ կոպիտ սադրանք. Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Թերեզա Մեյի հայտարարությանը

«Նյու Յորքում մեր ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, բնականաբար, մեր դիրքորոշումը ներկայացնելով և քաղաքակիրթ ու փաստարկված պատասխանելով մեր հասցեին հնչած լկտի, չապացուցված և անհիմն մեղադրանքներին, ասել է. «Եկեք ընդունենք փաստաթուղթ այն մասին, որ պետք է հետաքննություն անցկացվի քիմիական զենքն արգելելու մասին Կոնվենցիայի հիման վրա։ Անգլիայի ներկայացուցիչը (ՄԱԿ-ին կից — խմբ.) մերժել է այս առաջարկը»», — ասել է Լավրովը։

Մարտի 14-ին բրիտանական խորհրդարանում ելույթ ունենալիս Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ Ռուսաստանը կապ ունի հետախուզության գլխավոր վարչության (ՀԳՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հետ։ Երկրից կարտաքսվեն 23 ռուս դիվանագետները, Բրիտանիան կդադարեցնի երկկողմանի շփումը Ռուսաստանի հետ, իսկ բարձրաստիճան պաշտոնյաներն ու թագավորական ընտանիքի անդամները չեն մեկնի Ռուսաստան` ֆուտբոլի աշխարհի առաջնությանը ներկա լինելու։ Բրիտանիան նաև հետ է կանչել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Մեծ Բրիտանիա այցելելու հրավերը:

Ռուսաստանի ԱԳՆ-ն իր հերթին հերքել էր մեղադրանքները, իսկ Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը ԱԳՆ էր ուղարկել դեպքը համատեղ հետաքննելու անհրաժեշտության մասին նոտան։