Հայկական պիցցան հայտնվել է Ամմանի պատմությունը նշանավորող ուտեստների լավագույն տասնյակում

Հորդանանահայերի մեծ մասն արդեն գաղթել են, բայց Ամմանի հայկական թաղամասի ուտեստները մինչև այսօր էլ երկրի մշակույթի անբաժան մասն են համարվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Հայկական լահմաջոն հայտնվել է այն տասը ուտեսների թվում, որոնք նշանավորում են Հորդանանի մայրաքաղաքի պատմությունը։ Ամմանի խոհանոցի լավագույն տասնյակը կազմել է roadsandkingdoms պարբերականը։

Ըստ կայքի` Ջեբալ Ալ Աշրաֆիի (Jabal al-Ashrafiyeh) բլրից բացվում է քաղաքի հիասքանչ տեսարանը։ Իսկ մոտակայքում գտնվում է փախստականների կառուցած հայկական եկեղեցին։ Քրիստոնյա հայերը ոտքով հասել են Հորդանան` փրկվելով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում իրագործվող ջարդերից։

Մի քանի հազար հայեր բնակություն են հաստատել Ամմանում` հավաքվելով Ալ Աշրաֆիում, որը հայտնի է նաև որպես հայկական թաղամաս։

«Տաքսի վերցրեք հայկական եկեղեցի ուղևորվելու համար։ Իսկ հայկական թաղամասում ավելի լավ է` ոտքով զբոսնեք. այնտեղ դուք կգտնեք Jawharat Armenia («Հայաստանի գոհարը» արաբերեն — խմբ.) անունով հացի փուռը, որտեղ միայն մեկ ուտեստ են մատուցում` լահմաջո», — գրում է պարբերականը։

Հրապարակման հեղինակը նշում է, որ այս ուտեստը հաճախ «հայկական պիցցա» են անվանում։

Փոքր խանութը կենտրոնացած է բաց փայտե աղյուսից պատրաստված վառարանի շուրջ։ Փուռն այցելելուց հետո կարելի է նայել` ինչպես են հունցում փափուկ, սպիտակ խմորը։ Հետո վարպետների արհեստավարժ ձեռքերը խմորի վրա են դնում գառան մսի լցոնի, սոխի ու պղպեղի խառնուրդը։ Հայկական պիցցայի ճանապարհն ավարտվում է վառարանում։

Հայկական ամենահայտնի ուտեստների տասնյակը

Արաբական երկրներում ուտեստն անվանում են լահմակուն կամ լահմե բի աջին։ Սպասելով պատվերին`շատ այցելուներ հետևում են վառարանում հայտնված խմորի ձևափոխումներին. սկզբում այն մեծանում է, հետո պղպջակներ են առաջանում, և այն բարձրանում է։ Պատրաստման գործընթացը մի քանի վայրկյան է տևում։

«Հաճելի բույր, գառան շշմեցուցիչ համ ու ճռճռան հաց` լոլիկի ու տապակած սոխի համով… Հաճախորդները վերցնում են իրենց պատվերները, բայց շատերն ուտում են դեռ խանութից դուրս չեկած…», — ամփոփում է պարբերականը։

Հորդանանահայերը հիմնականում Երուսաղեմի պատրիարքարանի իրավասության տակ գտնվող Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են։ Ամմանում Սուրբ Թադեոսի եկեղեցին ծառայում է Հայ առաքելական եկեղեցուն, իսկ հայ կաթոլիկներն իրենց եկեղեցին ունեն Ջեբալ Ալ Աշրաֆիում` Ամմանի արևելյան հատվածում։