Լոնդոնը կողմ է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի Մադրիդյան սկզբունքների հիման վրա

Մեծ Բրիտանիան կարծում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Պաշտոնական Լոնդոնը կողմ է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի Մադրիդյան սկզբունքների հիման վրա, «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարները. տեղական և միջազգային տեսանկյուններ» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ ասաց Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:

«Մեծ Բրիտանիան անվերապահորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին», — ասաց Ֆարնուորթը։

Նա կարծում է, որ առաջընթաց արձանագրելու համար հայ և ադրբեջանական հասարակության մեջ պետք է ամրապնդվի խաղաղ կարգավորման գաղափարը։

Գիտաժողովի անցկացումը, նրա խոսքով, պետք է ցույց տա խաղաղ կարգավորման օգտակարության հնարավորությունը, գիտաժողովի ժամանակ պետք է քննարկվի խաղաղ կարգավորման հասնելու հնարավորությունները։

«Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարները. տեղական և միջազգային տեսանկյուններ» գիտաժողովը Երևանում անցկացվում է մարտի 15-16-ը։ Համաժողովը կազմակերպվել է ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Կովկասի ինստիտուտը՝ Հակամարտությունների, կայունության ու անվտանգության բրիտանական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։