Ես լավատես եմ՝ հենց այդպես էլ կլինի. Բակո Սահակյանը` ԱՄՆ–ի հետ հարաբերությունների մասին

Արցախի նախագահն ԱՄՆ Կոնգրեսում խոսել է երկկողմ հարաբերություններն էլ ավելի խորացնելու ու զարգացնելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին այցելել է ԱՄՆ Կոնգրես: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահը հանդիպում է ունեցել արտաքին հարցերով հանձնաժողովի մի խումբ անդամների հետ, քննարկել Արցախ-Միացյալ Նահանգներ հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

Այնուհետև Կոնգրեսում կազմակերպվել է ընդունելություն՝ նվիրված Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին:

Նախագահն իր խոսքում կարևորել է Միացյալ Նահանգների օրենսդիր բարձրագույն մարմնում կազմակերպված հանդիպումները, նշելով, որ դրանք նաև մեծացնում են մեր պատասխանատվության աստիճանը՝ համառ ու քրտնաջան աշխատանք իրականացնելու, երկկողմ հարաբերություններն էլ ավելի խորացնելու ու զարգացնելու գործում:

«Ես լավատես եմ՝ հենց այդպես էլ կլինի, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մենք դիտարկում ենք որպես բարեկամ երկիր, պետություն, որը միլիոնավոր հայերի համար դարձել է երկրորդ հայրենիք: Լավատես եմ, որովհետև մենք այստեղ ունենք հավատարիմ, ազնիվ և անշահախնդիր բարեկամներ, ովքեր արդեն երկար տարիներ մշտապես Արցախի հետ են, աջակցում են մեր ժողովրդին, աշխարհին ճշմարիտ տեղեկություններ ներկայացնում մեր երկրի մասին: Մենք բարձր ենք գնահատում մեր բարեկամական կապերը՝ դրանք համարելով մեծ հարստություն»,- շեշտել է նա:

Բակո Սահակյանը նշել է, որ հանրապետությունում կարևորում են ամերիկացիների սատարումն Արցախին, և այստեղ իրենց ուրույն տեղն ունեն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ու Սենատը, մեր բարեկամ կոնգրեսականներն ու սենատորները:

Նախագահն արժևորել է Վաշինգտոնի շոշափելի դերակատարությունը մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորման գործում:

«Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը եղել է, կա և կմնա մեր արտաքին քաղաքականության հիմնարար ուղղություններից մեկը»,- ընդգծել է Սահակյանը:

Նախագահն Արցախի Հանրապետության պետական պարգևներ է հանձնել ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների և սենատորների՝ Արցախին սատարելու և Արցախ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման գործում շոշափելի ներդրում ունենալու համար: