«Լավ երեկոյի» Արուսիկը ներողություն է խնդրում

Լրագրողը ներողություն է խնդրել բոլոր նրանցից, ովքեր վիրավորվել են աղմկահարույց հաղորդման հերոսուհիների փոխարեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Լավ երեկո» հաղորդաշարի լրագրող Արուս Տիգրանյանը Ֆեյսբուքում գրառում է արել և ներողություն խնդրել։

«Ինձ հետ զրուցած կանայք շատ լավ ծանոթ էին թե՛ հաղորդմանը, թե՛ ինձ, թե՛ իմ տեսանյութերին, և ինչպես իրենք նշեցին. «Շնորհակալ ենք, որ մեզ լավ առիթներով եք հիշել, մեր օրը տոն եք դարձրել»։ Իրենց հետ շփվելով՝ վստահ եմ, որ նրանցից ոչ ոքի չեմ վիրավորել, սակայն ներողություն եմ խնդրում, եթե ինչ-որ մեկը վիրավորվել է իրենց փոխարեն»,- գրում է լրագրողը։

Նա նաև խոստովանում է, որ չի պատկերացրել, թե ՔԿՀ-ում նկարահանված իր ռեպորտաժը նման մեծ արձագանքի կարժանանա։

«Մեր հաղորդումը հումորային է, և բնավ միտում չեմ ունեցել վիրավորելու որևէ մեկին, և չենք նկարել որևէ մեկին՝ առանց իրենց ցանկության կամ մոլորեցնելու միջոցով, ավելին՝ ովքեր ցանկացել են դեմքը թաքցնել, անպայմանորեն հաշվի ենք առել»,- գրում է Արուս Տիգրանյանը` հավելելով, որ իրականում ցանկացել է անդրադառնալ անձանց, ում գրեթե չեն անդրադառնում, և ցույց տալ, որ «նրանք էլ կարող են բոլորի պես մասնակցել ուրախ, թեթև տեսանյութերի»։

Հիշեցնենք, որ «Լավ երեկո» հաղորդաշարի մարտի 8-ին նվիրված թողարկման ընթացքում Արուս Տիգրանյանը ռեպորտաժ էր ներկայացրել «Աբովյան» ՔԿՀ-ում իրենց պատիժը կրող կին դատապարտյալների մասին։ Հանրությունը դատապարտյալ կանանց նկատմամբ լրագրողի վերաբերմունքում վիրավորանք էր նկատել։

Երեկ հարցին անդրադարձել էր նաև Արդարադատության նախարարը` հայտնելով, որ այդ հաղորդման մասին քննարկում է ունենալու Հ1-ի ղեկավարների հետ։ Ավելի ուշ Հանրային հեռուստաընկերությունը հայտնեց, որ հաղորդման տեսանյութերը հեռացրել է և՛ պաշտոնական կայքից, և՛ youtube-ի ալիքից։