Ինչո՞ւ են Արցախի թեման քննարկել Լավրովն ու Չավուշօղլուն. մեկնաբանում է ՌԴ ԱԳՆ–ն

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է Լավրովի հայտարարությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Անդրկովկասի իրավիճակի քննարկումը դիվանագիտական աշխատանքի մի մասն է, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ թուրք գործընկերոջ հետ քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի բանակցություններն ընթացել են մարտի 14-ին Մոսկվայում։

«Ղարաբաղյան կարգավորման թեման քննարկվում է մի շարք գործընկերների հետ, խոսքը վերաբերում է և՛ համանախագահներին, և՛ տարածաշրջանի երկրներին։ Նորմալ է, դիվանագիտական աշխատանքի մի մասն է»,- ասել է Զախարովան։

Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ բանակցությունների շրջանակում ավանդաբար մեծ ուշադրություն է հատկացվում Մերձավոր Արևելքին, Անդրկովկասին, Կենտրոնական Ասիային և Ուկրաինային։