ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Ադրբեջանը սատարում է թուրքական բանակի գործողություններն Աֆրինում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը Anadolu գործակալության և TRT հեռուստաընկերության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ։
«Բաքուն արդարացված է համարում թուրքական հակաահաբեկչական գործողությունները սիրիական Աֆրինում»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։
Նա նշել է, որ Ադրբեջանը «Ձիթենու ճյուղ» օպերացիան դիտարկում է որպես Թուրքիայի ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության սպառնալիքի չեզոքացմանն ուղղված քայլ։
«Աֆրինում իրականացվող գործողության վերաբերյալ դիրքորոշումն Ադրբեջանը բացեիբաց է հայտնում»,- ասել է Հասանովը։
Նրա խոսքով` Բաքուն սատարում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունը։
«Թուրքիան պայքարում է ահաբեկչության դեմ, և մենք այս մասին հստակ հայտարարում ենք ամբողջ աշխարհին։ Բաքուն ձգտում է սատարել Անկարային և դրանով ավանդ ունենալ նրա դիրքորոշումն ամրապնդելու հարցում»,- եզրափակել է Հասանովը։
Հունվարի 20-ին Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարել էր սիրիական Աֆրինում քուրդ զորամիավորումների դեմ սկսած «Ձիթենու ճյուղ» գործողությունների մասին։ Թուրքիայի հետ գործում են «Սիրիայի ազատ բանակի» գրոհայինները։
Դամասկոսը վճռականորեն դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները` նշելով, որ այդ տարածքը Սիրիայի անբաժանելի մասն է։