ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Քիմիայի ոլորտում նոբելյան մրցանակակիր ճապոնացի Էյիթի Նեգիսիին տեղափոխել են ԱՄՆ-ի հիվանդանոցներից մեկը, իսկ նրա կնոջը մահացած են հայտնաբերել։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով WREX-TV հեռուստաալիքին։
Ինդիանա նահանգում բնակվող Նեգիսի ամուսինները երկուշաբթի օրը անհետ կորած են հայտարարվել։ Նրանց անհետանալու մասին ոստիկանությանը տեղեկացրել էր ամուսինների բարեկամներից մեկը։
Երկուշաբթի 82-ամյա գիտնականին հայտնաբերել էին Իլինոյիս նահանգի Ռոքֆորդ բնակավայրին մոտ գտնվող գյուղական տարածքներից մեկի մայրուղու մոտակայքում։ Նեգիսիին հիվանդանոց տեղափոխելուց հետո ոստիկանները գտել էին նրա 80-ամյա կնոջ անշնչացած մարմինը։
Նախնական վարկածով` ամուսինները օդանավակայան մեկնելու ճանապարհին մոլորվել էին։ Գիտնականը դուրս էր եկել մեքենայից, որպեսզի օգնություն խնդրի անցորդներից ու մոտակայքի բնակիչներից, իսկ նրա կինը, ամուսնու բացակայությունից անհանգստացած, սկսել էր որոնել նրան։ Կինը մահացել էր մեքենայի կողքին։
Ոստիկանությունը դեռ որևէ հիմք չունի նրա մահը քրեական հանցագործության հետևանք համարելու համար։
Նեգիսին ավելի քան 50 տարի է բնակվում է ԱՄՆ-ում, որտեղ նա դասավանդում էր Պերդյու համալսարանում։
2010 թվականին նա Նոբելյան մրցանակի է արժանացել քիմիայի ոլորտում։