ՌԱԴԻՈ

Հայր Տիրան. «Քրիստոնեական գաղտնիքը հրապարակելու իրավունք ոչ ոք չունի»

Բարեբեր կրակի իջնելը հոգևոր, քրիստոնեական խորհուրդ ունի, որի գաղտնիքը հրապարակելու իրավունք ոչ ոք չունի, Sputnik Արմենիային ասաց Երուսաղեմի Հայոց պատրիարքության Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Տեր Տիրան վարդապետ Հակոբյանը։
Sputnik
Հայր Տիրան

«Ես դեմ եմ նման հայտարարություններին, դա քրիստոնեության խոցելի կետերից է։ Քրիստոնեական գաղտնիքը հրապարակելու, առավել ևս նման հայտարարություններ անելու իրավունք ոչ ոք չունի։ Ցանկացած իրավիճակում մենք պետք է հաշվի առնենք բազմահազարանոց հավատացյալների զգացումները», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Տիրան վարդապետ Հակոբյանը։

Հոգևորականի խոսքով` պետք չէ միանշանակ ընկալել և մեկնաբանել բարեբեր կրակի իջնելը։

«Չպետք է մոռանալ նաև, որ յուրաքանչյուր մարդ, լինի քրիստոնյա կամ հրեա, «հրաշք» հասկացության վերաբերյալ տարբեր պատկերացումներ ունեն։ Օրինակ` մենք չենք տեսել, թե ինչպես են գինին ու հացը վերածվում Քրիստոսի արյան և մարմնի, բայց մենք հավատում ենք դրան։ Այստեղ մեծ նշանակություն ունի հավատի աստիճանը», — ասաց վարդապետը։

Նշենք, որ օրեր առաջ Աստծու գերեզմանի տաճարում հայ և հույն հոգևորականների միջև վեճ է սկսվել «բարեբեր կրակի» մասին ռեպորտաժի նկարահանումների ժամանակ։

Քրիստոնեական Զատկի նախաշեմին Աստծու գերեզմանի տաճարում հայկական պատրիարքարանի ներկայացուցիչ Սամուել Աղոյանը իսրայելցի լրագրողին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է տեղի ունենում բարեբեր կրակի` երկնքից իջնելու արարողությունը։ Հայր Աղոյանը, որը կրակը վառելիս երեք անգամ եղել է Կուվուկլիայում (դեղնավարդագույն մարմարե գմբեթարդ մատուռում), ռեպորտաժի հեղինակ Իգալ Մոսկոյին պատմել է, որ պատրիարքները մոմերի խրձերը վառում են կանթեղից, և բարեբեր կրակի մեջ ոչ մի առեղծվածային բան չկա։ Քահանայի անկեղծ խոստովանությունը մտահոգել և զայրացրել է հույների եկեղեցու ներկայացուցչին, որը հարցազրույցի պահին կանգնած է եղել հայ քահանայի կողքին և պահանջել անհապաղ դադարեցնել նկարահանումը։