Հայաստանում կարմրուկի դեպքեր են գրանցվել. ի՞նչ անել չվարակվելու համար

Միայն ժամանակին և լիարժեք իրականացված պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և դրա հետևանքով առաջացած բարդությունները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է կարմրուկի 7 բերովի դեպք, որոնց հավանական աղբյուրը Ռուսաստանի Դաշնությունն է: Քաղաքացիներից 6-ը պատվաստված չեն, իսկ մեկը` թերի պատվաստված: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Կարմրուկը հասավ Հայաստան. ո՞վ է վարակել հայ տղամարդուն

Գերատեսչությունը հիշեցնում է, որ ամբողջ աշխարհում կարմրուկի բռնկումները և հիվանդությունից մահանալու դեպքերը մտահոգիչ են։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի հրապարակած տեղեկության համաձայն՝ Եվրոպայում դիտվում է կարմրուկի համաճարակային իրավիճակի վատթարացում։ 2016 թվականի համեմատությամբ` 2017-ին եվրոպական երկրներում կարմրուկով հիվանդացության ցուցանիշն աճել է 3 անգամ։ Առավել ծանր է համաճարակային իրավիճակը Ռումինիայում, Իտալիայում, Հունաստանում, Գերմանիայում, Ուկրաինայում, Վրաստանում և Ռուսաստանում։

Հայաստանում կարմրուկի և կարմրախտի առումով դեռևս պահպանվում է կայուն համաճարակային իրավիճակ, սակայն հիվանդության պարբերաբար ներկրումը, ինչպես նաև տարիների ընթացքում չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց կուտակումը կարող են սպառնալ երկրում հիվանդության վերադարձին և վարակի տեղական տարածմանը:

ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է բոլոր չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց դիմել տարածքային պոլիկլինիկա և պատվաստվել կարմրուկի դեմ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հիվանդները հիվանդության վարակիչ փուլում (մոտ 10 օր՝ ցանի առաջացումից 4-5 օր առաջ և հետո) շփվել են բազմաթիվ քաղաքացիների հետ:

Կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք (առնվազն 2 դեղաչափ) իրականացված պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և դրա հետևանքով առաջացած բարդությունները: