Իշխանությունը վախենում է ՊՊԾ-ի գրավման տիպի փորձերից. «Հրապարակ»

«Հրապարակի» տվյալներով` իշխանական կուլիսներում անհանգստություն կա, չէ որ ապրիլի 9-18-ն Սերժ Սարգսյանը մեկ շաբաթ դե ֆակտո իշխանություն չի ունենալու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում անհանգստություն կա՝ ապրիլի 9-18-ն ընկած լյուֆտի մասով, երբ Սերժ Սարգսյանը մեկ շաբաթ դե ֆակտո իշխանություն չի ունենալու, առաջադրվելու դեպքում էլ ընդամենը թեկնածու է լինելու:

Տագնապը ոչ թե ընդդիմադիրների հանրահավաքների հետ է կապված՝ «Տեսանք, էլի, իրենց միտինգները, երկուսուկես մարդ է հավաքվում», այլ՝ ՊՊԾ-ի գրավման տիպի փորձերի՝ ասաց իշխանական մեր աղբյուրը: Դա է պատճառը, որ համապատասխան մարմիններին հրահանգ է տրված աչալուրջ լինել, վերջին օրերին խստացվել են հատուկ պահպանվող օբյեկտների, առաջին հերթին՝ մետրոյի հսկողությունը:

Ճիշտ է, դա բացատրում են քուրդ ահաբեկիչների հայտնաբերման փաստով, որոնք պետք է «Հայաստանի միջով անցնեին դեպի Իրան, ապա՝ Թուրքիա», սակայն իրական պատճառը ներքին «ինցիդենտները» բացառելն է»: