Եվրաինտեգրացիա բելառուսական տարբերակով, կամ ինչու հայկական ձևաչափը հարմար չէ Մինսկին

Որոշ բելառուս փորձագետներ Հայաստանը որպես ընդօրինակելի երկիր են ներկայացնում, որը միաժամանակ հարաբերություններ է հաստատել Մոսկվայի և Բրյուսելի հետ։ Սակայն պարզվում է, որ իրավիճակը հանգամանալի դիտարկելու դեպքում Երևանի օրինակը տեղին չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Հայաստանը կարող է Եվրամիության հետ համագործակցության և միաժամանակ ԵԱՏՄ-ին անդամակցելու շահավետ ձևաչափ գտնել, որը, սակայն, Բրյուսելը չի առաջարկի Բելառուսին։

Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նման կարծիք հայտնեց բելառուս քաղաքագետ Ալեքսեյ Ձերմանտը` մեկնաբանելով որոշ գործընկերների և հայրենակիցների հայտարարություններն այն մասին, որ Մինսկը Հայաստանի օրինակով կարող էր զարգացնել Եվրամիության հետ համագործակցությունը` առանց Ռուսաստանի հետ հարաբերություններին վնաս հասցնելու։

ՀՀ նախագահ «Հայաստանի համագործակցությունը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ առողջ տրամաբանության հաղթանակ է»

Մասնավորապես, Belarus Security վերլուծական նախագծի ղեկավար Անդրեյ Պորոտնիկովը Thinktanks.by-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մինսկը պետք է ուսումնասիրի Հայաստանի ու ինչ-որ չափով Ղազախստանի փորձը, կիրառի այն Արևելքի և Արևմուտքի միջև մանևրելու քաղաքականության մեջ։ Նա կարծում է, որ ԵԱՏՄ-ը այն հարթակը չէ, որը կնպաստի Բելառուսի առաջընթացին։

Ձերմանտի կարծիքով` Պորոտնիկովը և նրա ղեկավարած նախագիծը պայմանականորեն կապված են եվրաատլանտյան կառույցների հետ։

«Նա փորձել է Բելառուսին հետ կանգնեցնել Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքից և նրա համար իբրև թե չեզոք կարգավիճակ ապահովել։ Վերջնական նպատակը Բելառուսն Ուկրաինայի նման երկրի վերածելն է։ Ես կարծում եմ, որ Հայաստանի օրինակը տվյալ դեպքում տեղին չէ», — ասաց Ձերմանտը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանը շատ համագործակցում է Ռուսաստանի հետ, նրա տարածքում տեղակայված է ռուսական ռազմակայանը, որն օգնում է ապահովել սահմանի անվտանգությունը, իսկ դա շատ կարևոր, զգայուն բաղադրիչ է։

«Ռուսաստանը նաև Հայաստան է առաքում ժամանակակից սպառազինություններ և ռազմական տեխնիկա, այդ թվում`«Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ։ Նման հարաբերությունների մեջ է Ռուսաստանը նաև Բելառուսի հետ։ Նա մեծ բանակ, հզոր ռազմաարդյունաբերական համալիր ունի։ Զորքերի բելառուսական խմբավորումը շատ լուրջ և կարևոր բաղադրիչ է Ռուսաստանի համար», — ասաց քաղաքագետը։

Նալբանդյան. ՀՀ-ԵՄ համագործակցության կարևոր հարցերից մեկը վիզայի ազատականացումն է

Հայկական իշխանությունները շրջանակային համաձայնագիր են կնքել Եվրամիության հետ, սակայն ԵՄ-ը չի հավակնում Հայաստանի նկատմամբ բացառիկ ինտեգրացիոն իրավունքների, և Բրյուսելը հաշվի է առնում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։

«Այո, դա հայկական դիվանագիտության հաջողությունն է եվրոպական մրցուղում։ Հայկական կողմին հաջողվել է «և…և» բանաձևը։ Բայց Մինսկի համար այդ մեխանիզմը չի գործում։ Առայժմ Մինսկը նման առաջարկներ չի ստացել։ Եվրամիության կողմից ինչ-որ շարժ չի նկատվում Բելառուսի հետ լիարժեք պայմանագիր կնքելու ուղղությամբ։ Կողմերի միջև գործում է խորհրդային ժամանակներից մնացած պայմանագիրը, հասկանալի է, որ այն հնացել է»,- ասաց Ձերմանտը։

Վերլուծաբանը համոզված է, որ Բելառուսի փորձագիտական հանրության որոշ ներկայացուցիչներ շահարկում են հայկական օրինակը` փորձելով ինչ-որ բելառուսական բաղադրիչ ներգրավել եվրոպական ինտեգրման մեջ։ Բայց այնտեղ բելառուսական շահերի մասին խոսք անգամ չկա, ընդամենը խնդիր է դրված հեռացնել Բելառուսը Ռուսաստանից։ Իսկ հայկական օրինակն օգտագործվում է հասարակության որոշ շերտերին մոլորեցնելու համար։