ՌԱԴԻՈ

Սարգսյան. «Նախկին դիվանագետի հոդվածը քարոզչական տեսանկյունից բավական ուժեղ քայլ էր»

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Էվանսի հոդվածը, որում նա կոչ էր արել ճանաչել Արցախի անկախությունն ու ողջունել պետության մուտքը ազգերի ընտանիք։
Sputnik
Սուրեն Սարգսյան

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը իր պաշտոնավարման ժամկետը չավարտած, հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ` ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը` դեմ գնալով ԱՄՆ պաշտոնական քաղաքականությանը և զրկվեց ոչ միայն դեսպանի պաշտոնից, այլև դիվանագիտական կոչումից ու պետական պարգևներից։

Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով Էվանսի` Արցախի մասին հոդվածը, հիշեցրեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

«Դիվանագիտական ծառայությունից հրաժարվելով` Էվանսն ամբողջովին անցավ հասարակական գործունեության, ակտիվ կապեր է պահում հայ համայնքի, հայկական լոբբիստական կազմակերպությունների հետ, ներկա է լինում հայ համայնքի կազմակերպած բոլոր միջոցառումներին, գիտաժողովներին»,- ասաց Սարգսյանը` շեշտելով, որ Էվանսը հայամետ գործիչ է, ուստի նրա հոդվածը հարկ է դիտարկել այդ համատեքստում` առանց քաղաքական ենթատեքստ որոնելու։

Այդուհանդերձ, Սարգսյանը չի հերքում, որ նախկին դիվանագետի հոդվածը քարոզչական տեսանկյունից բավական ուժեղ քայլ էր։

Հիշեցնենք, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի` ԱՄՆ այցին ընդառաջ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը ծավալուն հոդված է հրապարակել ամերիկյան The National Interest ամսագրում` համոզմունք հայտնելով, որ միջազգային հանրությունը պետք է ողջունի Արցախի մուտքը ազգերի ընտանիք։