Թող հրաշքը բոլորը տեսնեն. Երուսաղեմի հայ քահանան նոր նախաձեռնությամբ է հանդես եկել

Աղոյանն առաջարկել է արարողակարգն անցկացնել Կուվուկլիայի առաջ, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան տեսնել, թե ինչպես է իջնում Բարեբեր կրակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Երուսաղեմում Հայ առաքելական եկեղեցու քահանա Սամուել Աղոյանը մեկնաբանել է Սուրբ կրակի մասին ասածը։ RT-ին տված հարցազրույցում նա ասել է` նախկինում գուցե հրաշքներ եղել են, բայց ինքը նման հրաշքի ականատես չի եղել։

Հայ քահանայի խոստովանությունը բարեբեր կրակի «հրաշքի» մասին աղմուկ է առաջացրել Երուսաղեմում

Վիճաբանությունը տեղի է ունեցել հայ և հույն եկեղեցականների միջև Տիրոջ գերեզմանի տաճարում «հրաշափառ կրակի» իջնելու մասին ռեպորտաժի նկարահանման ժամանակ: Հայր Աղոյանը, որը երեք անգամ ներկա է եղել Կուվուկլիայում կրակը վառելու արարողությանը, հայտնել է ռեպորտաժի հեղինակ Իգալ Մոսկոյին, որ պատրիարքները մոմերի խրձերը վառում կանթեղից, և Սուրբ կրակի մեջ որևէ միստիկ բան չկա: Աղոյանի խոստովանությունը զայրացրել է հույների եկեղեցու ներկայացուցչին։ Նա պահանջել է անջատել տեսախցիկը և ասել է, որ հայ քահանան ստում է։ Դրան ի պատասխան Աղոյանն առարկել է, որ հույների ներկայացուցիչը, ի տարբերություն հայերի, կրակը վառելու արարողությանը չի մասնակցում։

«Աստծու գերեզմանին վառված կանթեղ է տեղադրված, աղոթքից հետո մենք դրանից վառում ենք մեր մոմերը, այնուհետև դուրս ենք գալիս և բաժանում հավաքվածներին։ Ահա այս եմ ես ասել։ Կարծում եմ, որ ներսում եղած եկեղեցականներից ոչ ոք երբեք չի ասել, որ վերջին ժամանակներում հրաշք է տեղի ունենում, որ բարեբեր կրակը իջնում է երկնքից և վառում մոմերը։ Ես դեմ չեմ, որ մարդիկ հավատում են, բայց մենք այդպես ենք արել», — նշել է քահանան։

Նա նաև առաջարկել է արարողությունն անցկացնել Կուվուկլիայի դիմաց (մարմարե մատուռ Աստծու գերեզմանի քարանձավի դիմաց), որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան ականատես լինել Բարեբեր կրակի իջմանը։

«Եթե մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր տարի Բարեբեր կրակը հրաշքով երկնքից է իջնում, ինչո՞ւ արարողությունը չանցկացնենք Կուվուկլիայի դիմաց, որպեսզի բոլորը տեսնեն հրաշքը։ Այդ դեպքում հրաշքը միայն ներսում գտնվող մի քանի մարդու համար չի լինի, բոլորն էլ կկարողանան տեսնել ու հավատալ», — ասել է Աղոյանը։

Բարեբեր կրակը խորհրդանշում է Քրիստոսի Հարության անձեռակերտ լույսը, որի մասին խոսել է դեռ առաքյալ Պետրոսը, և այն սրբություն է համարվում հավատացյալների համար։ Զատկի նախօրեին պատրիարքի, հոգևորականության և հազարավոր ուխտավորների աղոթքով կրակի վառվելը համարվում է «բարեբեր կրակի` երկնքից իջնելու հրաշք»։

Ուղղափառ եկեղեցիների հավատալիքի համաձայն` հրաշագործ կրակն «իջնում է երկնքից» հույն պատրիարքի ձեռքերի մեջ, և նա հայկական եկեղեցու պատրիարքի հետ միասին բաժանում է այն տաճարի շուրջ հավաքված հավատացյալներին։