ՌԱԴԻՈ

Հարությունյան. «Ադրբեջանն առանց Թուրքիայի դիտարկելն միամտություն է»

Հայաստանի երկու ոչ բարեկամ հարևանների` Թուրքիայի և Ադրբեջանի նվաճողական ծրագրերի ու դրանց` Հայաստանի դիմակայելու մասին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն իր մեկնաբանություններն է ներկայացրել Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում։
Sputnik
Վաղարշակ Հարությունյան

Ադրբեջանի միավորումը Թուրքիայի հետ տարիներով մշակված ծրագիր է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։

Նա հիշեցնում է Աթաթուրքի, նրանից հետո Դեմիրելի խոսքերն այն մասին, որ ԽՍՀՄ–ը վաղ թե ուշ փլուզվելու է, և թուրքերը միավորվելու են իրենց եղբայրների` ադրբեջանցիների հետ։

«Այս ծրագիրը ղեկավարվում է Թուրքիայի կողմից, և Ադրբեջանը որևէ քայլ չի անի առանց Թուրքիայի հետ համաձայնեցնելու»,– ասում է Վաղարշակ Հարությունյանը։

Նախկին նախարարի կարծիքով, սակայն, Թուրքիան այսօր իր ծրագիրն իրականացնելու ռեսուրս չունի` ո՛չ ռազմական, ո՛չ էլ տնտեսական։ «ԽՍՀՄ փլուզումից հետո նա փորձեց դա անել` միջին Ասիայի թուրքալեզու պետություններում, հիմա էլ փորձում է շարունակել։ Բայց վերջնական նպատակին ի վիճակի չէ հասնել»,– կարծում է Վաղարշակ Հարությունյանը։

Թուրքական այս ծրագրից, Հարությունյանի համոզմամբ, Հայաստանը ոչ թե պետք է վախենա ու անհանգստանա, այլ կարողանա ճիշտ քաղաքականություն վարել և բարձրացնել իր դերը տարածաշրջանում։

Իսկ պատերազմը չվերսկսելու հիմնական երաշխիքը պետության ռազմական բալանսի ապահովումն է, ինչը մինչև այսօր մեր երկիրը կարողացել է անել։