ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի աշխատակիցն իրեն ավագ լեյտենանտի սպայական կոչում շնորհելու համար 2500 դոլար է տվել ընկերոջը, որպեսզի վերջինը «գործը դասավորի» իր բարեկամի` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազորի միջոցով։ Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը։
Տևական ժամանակ անց ՊՊԾ գնդի ոստիկանն այդպես էլ կոչում չի ստացել, գումարն էլ հետ չի ստացել։
Դրա փոխարեն գործը հասել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի հիման վրա այստեղ հարուցվել է քրեական գործ` պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, կաշառք ստանալու և կաշառքի միջնորդություն կատարելու փաստերով։
Կատարվում է նախաքննություն: