ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Թուրք ձեռնարկատերերը թանկացրել են հագուստի գները, դրա հետևանքով գները բարձրացել են նաև հայաստանյան տոնավաճառներում, որտեղ հիմնականում Թուրքիայից բերած ապրանք է վաճառվում։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց «Հայաստանի տոնավաճառներ» ՀԿ նախագահ Գագիկ Դանիելյանը։
Նա ընդգծեց, որ հայ առևտրականները դժվար պայմաններում են աշխատում։ Թուրքիայում ապրանքների գների աճը մի կողմից, Հայաստանի բնակչության զանգվածային արտագաղթը` մյուս կողմից. այս ամենը հարվածել է առևտրականների գրպանին։ Երկրում վերջին տասը տարվա ընթացքում բացված առևտրի խոշոր կենտրոնները նույնպես չեն ուրախացնում առևտրականներին։
«Թուրքիայում հագուստի շուկայի թանկացումների հետևանքով Հայաստանում ևս գներն աճեցին մոտավորապես 20%-ով», — նշեց մեր զրուցակիցը։
Բայց բացասականից բացի, դրական կողմ էլ կա։ Ամառային սեզոնին, օրինակ, արտերկրում ապրող հայերը (հիմնականում` Ռուսաստանից) մեծ գնումներ են անում հայաստանյան տոնավաճառներում։
Միևնույն ժամանակ Դանիելյանն ավելացրեց, որ Թուրքիայում հարգում ու գնահատում են հայ առևտրականներին։ Նման վերաբերմունքի պատճառը տեղի մեծ շուկան է, որը նրանք չեն ուզում կորցնել։
«Հասկանում են, որ Հայաստանն այն խոշոր շուկաներից մեկն է, ուր նրան ապրանք են մատակարարում։ Մասնավորապես խոսքը հագուստի և տնտեսական ապրանքների մասին է», — ասաց Դանիելյանը։
Հայկական շուկայում թուրքական ապրանքի առկայությունը նորություն չէ։ Երկար տարիներ ի վեր հայերը մեկնում են Ստամբուլ և Թուրքիայի այլ քաղաքներ, ապրանք բերում Հայաստան և այդպիսով հացի փող վաստակում։ Բացի այդ, թուրքական հագուստն ավելի մատչելի է, քան առևտրի կենտրոններում առաջարկվող բրենդային հագուստը։ Այլ հարց է, որ ոչ միշտ է կարելի նույնիսկ բրենդային խանութում թանկ գնով որակյալ ապրանք գնել։
Դանիելյանը սեփական փորձից մի օրինակ բերեց։ Թուրք գործարարը որոշել է «խաբել» նրան և Ստամբուլից անորակ ապրանք է ուղարկել Երևան։ Հայ առևտրականները հաճախ ապրանքը պատվիրում են, բայց իրենք դրա հետևից չեն գնում։ Դանիելյանն ապրանքը հետ է ուղարկել, մատակարարն էլ հաճախորդին չկորցնելու համար ոչ միայն լավորակ ապրանք է ուղարկել, այլև փոխհատուցում է վճարել պատճառած անհարմարությունների համար։
Այս համատեքստում նա նշեց, որ իր ղեկավարության տակ գտնվող կազմակերպությունը մտադիր է անհատույց օգնություն ցուցաբերել առևտրականներին (իրավաբանական, հարկային և այլ խորհրդատվական ծառայություններ), քանի որ աշխատողների մեծամասնությունն իր իրավունքները չգիտի։