ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, Կարո Փայլանը քննադատել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ «Գորշ գայլեր» ազգայնական խմբավորման խորհրդանիշը համարվող նշանը ցույց տալու համար: Թուրքիայի նախագահը դա արել էր Մերսին քաղաքում կայացած հանրահավաքի ժամանակ։
«Մի՛ բարկացեք: Էրդողանն այսօր ցույց տվեց այն, ինչ վաղուց էր հայտնի: Ուր ենք հասել…»,- գրել է Փայլանը Twitter-ի իր պաշտոնական էջում:
Հայազգի պատգամավորը հիշեցրել է, որ իրենք վաղուց էին զգուշացնում Էրդողանի ու նրա կուսակցության ազգայնական լինելու մասին:
Մերսինում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական ԶՈւ-ն ամեն վայրկյան կարող է մտնել սիրիական Աֆրին շրջանի նույնանուն շրջկենտրոն-քաղաք: Մի շարք իրավապաշտպաններ ահազանգում են Աֆրինում տեղի ունեցողի մասին և նշում, որ ՄԱԿ-ը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի աֆրինյան ողբերգությունը կանխելու համար: