Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պնդումները, թե Աֆրինը շրջափակված է, իրականության հետ որևէ աղերս չունեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը։
«Այնտեղ 4-5 կմ-անոց հատված դեռ մնացել է, որպեսզի ամբողջական պաշարման օղակը փակվի։ Թուրքական բանակը և՛ հյուսիսից, և՛ հարավից փորձում է այդ հատվածն էլ փակել ու Աֆրինը պաշարման օղակի մեջ առնել»,- ասաց նա։
Գրիգորյանը չբացառեց, որ թուրքերի առաջխաղացումը քրդերի մարտավարության փոփոխության հետևանք է։
«Եթե քրդերը որոշել են նահանջել և այս հատվածում երկարատև պարտիզանական մարտեր մղել, ապա այս հատվածում լարվածությունը դեռ երկար կշարունակվի»,- ասաց նա։
Ըստ վերլուծաբանի` Արֆինում քրդերը չեն հանձնվելու, և պայքարը թեժ է լինելու, հատկապես, որ այստեղ կենտրոնացած քրդական ուժերը բաղկացած են նախկինում պարտիզանական այլ մարտերում հմտացած անձանցից։