Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի 4-րդ նախագահի երդման արարողությանը. ինչո՞ւ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախապես է ծրագրել այդ օրերի ժամանակացույցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Ապրիլի 9-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա չի լինի ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը։ Այս մասին 2rd.am–ին է ասել Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Ներկա չի լինելու, քանի որ այդ օրերին Ռոբերտ Քոչարյանը, ըստ նախապես ծրագրավորված իր օրակարգի, գտնվելու է արտերկրում»,- ասել է նա:

Սողոմոնյանը խոսել է նաև հայտնի «ցյուրիխյան արձանագրությունների» կնքման ընթացակարգի դադարեցման մասին` նշելով, որ Քոչարյանը չի պատրաստվում այդ կապակցությամբ հանդես գալ հարցազրույցով կամ հայտարարությամբ։

«Նախագահ Քոչարյանը հայ-թուրքական հաշտեցման գործընթացի և մասնավորապես ցյուրիխյան արձանագրությունների մասին իր տեսակետը հայտնել է դեռևս 2008-2009 թվականներին»,- ասել է նա:

Նշենք, որ ՀՀ ԱԺ-ն Հայաստանի 4-րդ նախագահին ընտրեց մարտի 2-ին։ Արմեն Սարգսյանը խորհրդարանում ընտրվեց 90 կողմ, 10 դեմ ձայներով։ Նոր սահմանադրության համաձայն` նախագահի գործառույթները զուտ ներկայացուցչական կլինեն։