Բարեբեր կրակի «դիմակազերծումը» հայ քահանայի խղճին է. ՌՈՒԵ հայտարարությունը

Չարժե կասկածի տակ դնել հոգևոր կյանքի երևույթը, որը միլիոնավոր մարդկանց համար չափազանց կարևոր է, նշել է Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչը
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Ռուս ուղղափառ եկեղեցին արձագանքել է Հայ առաքելական եկեղեցու քահանա Սամուել Աղոյանի հայտարարությանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Հայ քահանայի խոստովանությունը բարեբեր կրակի «հրաշքի» մասին աղմուկ է առաջացրել Երուսաղեմում

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ իսրայելական հեռուստաալիքներից մեկի համար ռեպորտաժի ձայնագրության ժամանակ ՀԱԵ քահանա Սամուել Աղոյանը հերքել է բարեբեր կրակի հրաշագործ ծագումը։ Քրիստոնյաները հավատում են, որ Աստծո գերեզմանի տաճարում կրակն ինքն իրեն է վառվում Զատկի տոնից առաջ։

Մոսկվայի պատրիարքարանի և համայն Ռուսիո մամուլի ծառայության ղեկավար, քահանա Ալեքսանդր Վոլկովը Սամուել Աղոյանի խղճին է թողել բարեբեր կրակի մասին ասածը։

«Չարժե կասկածի տակ դնել հոգևոր կյանքի երևույթը, որը միլիոնավոր մարդկանց համար չափազանց կարևոր է, սատարում է նրանց և ամրապնդում նրանց հավատը։ Ուղղափառ բոլոր եկեղեցիները կիսում են Զատկից առաջ կրակն իջնելու ուրախությունը, իսկ այն մեր եկեղեցի բերելը միշտ դառնում է մեծ իրադարձություն։ Մեր աշխարհում ամեն ինչին կարելի է հոռետեսորեն վերաբերվել, սկսել քննադատել և դեմ փաստարկներ գտնել, բայց ահա հանրային ոլորտ բերել բաներ, որոնք կարող են տարակուսանքի մեջ գցել միլիոնավոր հավատացյալների, կարծում եմ` սխալ է և անիմաստ», — ասել է Կիրիլ պատրիարքի մամուլի քարտուղարը։

Նրա խոսքով` կրակի իջնելը միշտ էլ ուրախություն կլինի միլիոնավոր մարդկանց համար։