Վոլեյբոլ խաղացող փոքրիկ Մխիթարյանն ու Օբամեյանգը. ծաղրանկարիչը նկարել է ֆուտբոլիստներին

Անսովոր ոչինչ չկա. փոքրիկ Հենրիխ Մխիթարյանը մուլտֆիլմի երաժշտության տակ գնդակը նետում է փոքրիկ Օբամեյանգին և հետ ստանում այն, բայց ամեն դեպքում ուրախ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Հորդանանցի ծաղրանկարիչ Օմար Մոմանին հերթական անգամ անդրադարձել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին։ Facebook —ի իր էջում նա մի ծաղրանկար է հրապարակել, որը պատկերում է Մխիթարյանի և «Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի հարաբերությունները։

«Շատ ժամանակ գնաց Օբամեյանգ-Մխիթարյան գործընկերությունը կառուցելու համար, և «Արսենալը» հիանալի օգտվեց դրանից, երբ վերջին անգամ հաղթանակ տարավ», — ծաղրանկարի տակ գրել է հեղինակը։

«Ուոտֆորդի» դեմ «Արսենալի» վերջին խաղում Հենրիխ Մխիթարյանը և Օբամեյանգը մեկական գոլ են խփել և գոլային փոխանցում կատարել միմյանց։ Նախ Մխիթարյանն է փոխանցում արել, իսկ Օբամեյանգը գոլ է խփել, հետո նրանք փոխել են դերերը. գաբոնցին օգնել է հային գրավել դարպասը։

Խաղն ավարտվել է 3։0 հաշվով, հաղթել են «զինագործները»։

Դեկտեմբերին Օմար Մոմանին մի ծաղրանկար էլ նվիրել էր «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինյոյի` Հենրիխ Մխիթարյանից ազատվելու ծրագրերին։