Սա միայն մեր պատերազմը կլինի. ադրբեջանցի մարզիկը` չեմպիոն Գրիգորյանի հետ մենամարտի մասին

Նաբիևը մարզվում է Vityaz Fight ակումբում, որտեղ տարբեր ազգությունների շատ տղաներ կան, բայց բոլորը լեզու են գտնում իրար հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Ադրբեջանցի քիքբռնցքամարտիկ Ալիմ Նաբիևը, որը Glory գոտու պարտադիր հավակնորդ է դարձել, խոսել է կազմակերպության գործող չեմպիոն Հարութ Գրիգորյանի հետ կայանալիք մենամարտի մասին։ Այս մասին հայտնում է «Չեմպիոնատը»։

Նաբիևի խոսքով` շատերն այդ մարտն ընկալում են որպես Ադրբեջանի և Հայաստանի դիմակայություն, բայց ինքը կտրականապես համաձայն չէ այդ մեկնաբանության հետ, քանզի սպորտը քաղաքականությունից դուրս է։

«Այո, մեր միջև պատերազմ կլինի, բայց կլինի ռինգում և կվերաբերի միայն մեզ։ Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ և այլևս չշոշափել այս թեման։ Ես մարզվում եմ Vityaz Fight ակումբում, որտեղ տարբեր ազգությունների շատ տղաներ կան, բայց բոլորը լեզու են գտնում իրար հետ. ադրբեջանցիները` հայերի, ռուսները` ուկրաինացիների, օսերը` վրացիների հետ», — ասել է մարզիկը։

Նա ընդգծել է, որ Vityaz Fight թիմն ապրում է այն սկզբունքով, որ բոլոր անդամները սովորական մարզիկներ են, և նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում է իր երկրի դրոշը, իսկ քաղաքական գործիչներն առանց մարզիկներին էլ կլուծեն իրենց հարցերը։