ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Այսօր քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է խաչմերուկներին մոտ գտնվող դեղատների կանաչ լուսավորությամբ ցուցանակներին՝ ասելով, որ բազմաթիվ բողոքներ են ստացվել վարորդներից այն մասին, որ կանաչ լույսը հատկապես երեկոյան և գիշերային ժամերին թյուրիամցության մեջ են գցում նրանց՝ վթարավտանգ իրավիճակներ ստեղծելով:
«Իրականում սա հիմնավոր դժգոհություն է, և պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել՝ խնդիրը կարգավորելու ուղղությամբ: Հաճախ տեսնում ենք, որ կանաչ լուսավորությամբ այդ ցուցանակներն այնքան մոտ են խաչմերուկներին, որ վարորդներին իսկապես շփոթության մեջ են գցում ու շեղում են ուշադրությունը լուսացույցից՝ ստիպելով մարդկանց ակամայից խախտել ճանապարհային կանոնները»,- ասել է քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը իրավասուներին հանձնարարել է ճանապարհային ոստիկանության հետ համագործակցելով ու դեղատների սեփականատերերի հետ բանակցելով` քայլեր ձեռնարկել սեղմ ժամկետում խնդիրը կարգավորելու համար։