ՏԻՄ ընտրություններին դեռևս մասնակցել է ընտրողների գրեթե մեկ երրորդը

Հայաստանի 7 մարզերի 20 համայնքներում այսօր անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ժամը 17։00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 35.17 տոկոսը կամ 8024 ընտրող։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Ինչպես տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքը՝ տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Դեբետ համայքում՝ 63.36 տոկոս կամ 415 ընտրող, իսկ ամենացածրը՝ Մեծամոր (գյուղ) համայնքում՝ 17.09 տոկոս կամ 168 ընտրող։

Ընդհանուր առմամբ ժամը 17։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 35.17 տոկոսը կամ 8024 ընտրող։

Այսօր քսան համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի մարզի Դդմասար, Արարատի մարզի Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Նիզամի, Նորամարգ, Սայաթ-Նովա, Սիս, Սիփանիկ, Եղեգնավան, Արմավիրի մարզի Դաշտ, Մեծամոր, Ծաղկալանջ, Լոռիի մարզի Դարպաս, Լեռնավան, Դեբետ, Կոտայքի մարզի Հացավան, Շիրակի մարզի Վարդաքար համայնքներում, արտահերթ ընտրություններ` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում:

Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 31 քաղաքացիներից 12-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 19 թեկնածուներից 8-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 9-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և 2-ը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից:

Ավագանու անդամի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 138 թեկնածուներից 75-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 62-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և 1 թեկնածու՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից: Ավագանու անդամի 138 թեկնածուներից 15-ը իգական սեռի ներկայացուցիչներ են: