ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Այսօր Իրանում կործանված թուրքական օդանավի զոհերը տասնմեկ հոգի են՝ ութ ուղևորները և անձնակազմի երեք ներկայացուցիչները: Այդպես են հաղորդում իրանական և թուրքական լրատվամիջոցները:
Հանրայնացված մանրամասների համաձայն՝ վթարի ենթարկված օդանավը՝ Bombardier Challenger 600-ը, պատկանում էր հայտնի թուրք գործարար, Başaran ներդրումային հոլդինգի ղեկավար Հուսեյն Բաշարանին: Հրապարակումների համաձայն՝ օդանավում գործարարի դուստրը՝ Մինա Բաշարանը և նրա յոթ ընկերներն են եղել:
Նախքան օդանավ նստելը՝ աղջիկն Instagram-ի իր էջում ընկերների հետ լուսանկար է հրապարակել՝ աղջիկների խնջույքից: Պարզվում է, նա պատրաստվում էր ամուսնանալ, և այսօր ԱՄԷ-ից Թուրքիա էր վերադառնում սեփական հարսանիքին ներկա լինելու համար: Նա ԱՄԷ էր մեկնել ընկերուհիների հետ նախահարսանեկան խնջույք կազմակերպելու համար:
Հիշեցնենք, որ օդանավն անհետացել էր ռադարների տեսադաշտից այսօր ժամը 17:50-ի սահմաններում՝ Երևանի ժամանակով:
Նախնական տվյալներով՝ վթարման պատճառը շարժիչի անսարքություններն էին: Ականատեսները պատմել են, որ օդանավը այրվել է օդում՝ նախքան վայր ընկնելը:
Ինչպես տեղեկացնում է ISNA գործակալությունը, Bombardier Challenger 600-ի բեկորներն ընկել էին Շահրե Կորդ քաղաքից ոչ հեռու:
Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Օդանավը թռչում էր Շարջա-Ստամբուլ ուղղությամբ: