Մեկ գոլ և մեկ գոլային փոխանցում, Մխիթարյանը փայլում է «Արսենալում»

Մխիթարյանը փոխանցում կատարեց, իսկ Օբամեյանգը գոլ խփեց, որից հետո նրանք փոխվեցին տեղերով. գաբոնցին օգնեց հային գրավել հակառակորդի դարպասը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել և գոլային փոխանցում կատարել Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում` «Ուոտֆորդի» դեմ սեփական հարկի տակ կայացած խաղում։

Խաղն ավարտվել է «զինագործների» հաղթանակով՝ 3։0 հաշվով։ 8-րդ րոպեին հաշիվը բացել է պաշտպան Շկոդրան Մուսթաֆին, թիմերը ընդմիջման են գնացել «Արսենալի» նվազագույն առավելությամբ։ Երկրորդ խաղակեսում լոնդոնցիները Հենրիխ Մխիթարյանի և Պյեր-Էմերիկ Օբամեյանգի ջանքերով հաշիվը դարձրել են 3։0։

59-րդ րոպեին Օբամեյանգը Մխիթարյանի կատարած փոխանցումից հետո գնդակն ուղարկել է «Ուոտֆոդի» դարպասը։ 18 րոպե անց աչքի է ընկել նաև Մխիթարյանը՝ փոխանցում ստանալով Օբամեյանգից։ Դարպասապահը չի կարողացել պահել տուգանայինից իրականացրած հարվածը։

Մխիթարյանի գոլը «Արսենալի» կազմում իր համար առաջինն է Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղերում։